Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի և ոգեկոչման արարողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ից, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Ժամը 19:00-ից սկսած երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, ինչպես նաև Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը, հայտնում է ոստիկանությունը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք հիշատակի արարողության մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու նպատակով՝ ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից, արգելվել է երթևեկությունը հետևյալ հատվածներում՝ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկ, Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց խաչմերուկ, ինչպես նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։