Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շեշտելով, որ Հայաստանը մնում է խաղաղության օրակարգին հավատարիմ և պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։
Փաշինյանն ընդգծել է ԵԽԽՎ գործունեության կարևորությունն ու քննարկումների մակարդակը։ Իր հերթին, ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանականների հետ և հույս հայտնել, որ այդ կապը կշարունակի զարգանալ արդյունավետ կերպով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ Ռուսոպուլոսը բարձր է գնահատել այս ուղղությամբ իրականացվող քայլերը և վերահաստատել ԵԽԽՎ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն ու համագործակցությունը։
Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության խորացման ու բազմակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ որպես կայունության և խաղաղության ապահովման միջոց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: