24 ապրիլի 2025 - 12:54 AMT
Սիմոնյան. Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում։

Նա նշել է, որ նորովի պարտավորվում ենք պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը։

«Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ: Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի կայուն ապագան: Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում:

Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև և նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը և արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար: Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»,- նշված է ուղերձում։