«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան պետությունը և նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը։
Նա նաև ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության նպատակը, ըստ իրեն, Հայաստանի ենթարկումն է Թուրքիայի գերիշխանությանը, հայտնում է Aysor.am-ը։
«Դա ակնհայտ է»,–ասել է նա։
Չալաբյանը հավելել է, որ, ցեղասպան պետությանը սիրաշահելով, անվտանգություն ձեռք չես բերի։
«Մենք այստեղ ենք վերահաստատելու մեր վճռականություն, որ պայքարը շարունակվում է։ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան, ագրեսոր պետությունը և նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը։ Թուրքիայի այսօրվա վարքագիծը հավաստում է, որ իր հետ չի կարելի փորձել միակողմանի հարաբերություն բարելավել։ Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի, այն է՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»,-ասել է նա։