Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքու այցից առաջ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին:
Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, հայտնում է Mehr գործակալությունը։
«Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և պայմանավորվածություն կա»,- ասել է Փեզեշքիանը:
Նա նաև ասել է, որ Իրանը «միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում է Հայաստանին՝ վերջինիս իրավունքների շրջանակում»։
«Մենք աշխատում ենք, որ կողմերն ապրեն խաղաղ՝ բարիդրացիության հիման վրա»,–ասել է Փեզեշքիանը։
Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ երկու կողմերի իրավունքները հաշվի առնելով։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Բաքու արդեն մեկնարկել է։ Նա հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահի հետ։