8 հուլիսի 2009 - 23:39 AMT
Բաքուն չի համաձայնում նշանառուներին հանել շփման գծից
Նշանառուներին շփման գծից հանելու առաջարկն ընդունվել է Հայաստանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի ղեկավարության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Իր հերթին, ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասյեն նշել է, որ միջնորդներին առայժմ չի հաջողվել տվյալ հարցում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը: «Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ, կհամաձայնեն նշանառուներին հանել շփման գծից, ինչն անվտանգության ապահովման կարեւորագույն պայմաններից մեկն է», - ընդգծել է Ֆասյեն:

Հելսինկիում 2008 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ԱԳՆ ղեկավարներն առաջարկել էին նշանառուների հանել առաջատար դիրքերից` որպես վստահության ամրապնդման միջոց: