13 հոկտեմբերի 2009 - 20:03 AMT
Բուժզննման մակարդակը կդառնա ՀՀ զինված ուժերի առաջնահերթ խնդիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում քննարկվել են զորակոչիկների բուժզննության հարցերն ու զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը:

Իր ելույթում ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ հարկավոր է բարձրացնել զորակոչիկների բժշկական զննման մակարդակը, որպեսզի զինծառայության մեկնեն միայն ծառայության համար պիտանի զորակոչիկները: Որպես օրինակ նա բերել է զորակոչիկ Արեգ Մալխասյանի հետ կատարված դեպքը, որը Երեւանի Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով, չնայած առողջական անբավարար վիճակին, զորակչվել էր բանակ, որտեղ մահացել էր 10 օր անց:
'
Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաեւ փախստականների ու «այլ պետության քաղաքացի հայերի» հետ կապված զինկոմիսարիատների աշխատանքին, քանի որ դա հանգեցնում է զինվորական ծառայությունից «խուսափողների» թվի անհարկի աճին: