10 նոյեմբերի 2009 - 17:28 AMT
«Freie Universitat Berlin» համեմատական լեզվաբանության ամբիոնին կից հայագիտության բաժինը չի փակվի
«Այս տարի առաջին անգամ պետբյուջեից միջոցներ կհատկացվեն «Freie Universitat Berlin» բեռլինյան համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնին կից հայագիտության բաժինը պահպանելու համար»,- նոյեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այդ բաժինը եվրոպական երկրներում հայագիտության ամենակարեւոր եւ խոշոր կենտրոններից մեկն էր եւ փակման եզրին էր հայտնվել:

«Մենք հնարավորություն ունեինք, բյուջեից գումար հատկացնելով, փրկել եւ պահպանել հայագիտության կենտրոնը «Freie Universitat Berlin»-ում, որը Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկն է»,- նշել է Աշոտյանը:

Ինչպես հաղորդել է այդ բաժնի ղեկավար Ժիրայր Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, «Հայագիտության ամբիոնի փակման մասին փաստաթուղթն արդեն պատրաստ էր եւ ինձ էր հանձնվել «Freie Universitat Berlin» բեռլինյան համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչի անունից»: Նրա խոսքով, ամեն տարի բաժնի գործունեության համար անհրաժեշտ է 48 հազ. եվրո, գումարի կեսը` 24 հազ. եվրոն, պատրաստ է ապահովել «Freie Universitat Berlin»-ը: