30 նոյեմբերի 2009 - 17:04 AMT
Էդուարդ Շարմազանով. Հայ-թուրքական Արձանագրությունները կներառվեն Թուրքիայի խորհրդարանի օրակարգում
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ թուրքական կողմից այդ գործընթացի ցանկացած ձգձգման դեպքում ՀՀ ղեկավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, Հայաստանը թուրքական կողմի հետ հավասար պայմաններով է հարաբերությունների կարգավորման գնում եւ իր վրա միակողմանի պարտավորություններ չի վերցնում:

Խոսելով Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների ճակատագրի մասին` ՀՀԿ խմբակցության քարտուղարը համոզմունք հայտնեց, որ թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացնելու: «Հակառակ դեպքում դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ նշանակված հանդիպումը չի կայանա»,- նշեց Շարմազանովը` իր կարծիքը հիմնավորելով այն բանով, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵՄ երկրները նախկինում արդեն հայտարարել են առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: