16 դեկտեմբերի 2009 - 15:56 AMT
Միջնադարյան հայկական ձեռագրի յուրօրինակությունը ներկայացված է Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքում
Դեկտեմբերի 16-ին Երեւանի Ազգային գրադարանում կայացավ Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է:

Այս Ավետարանը կարեւոր նյութ է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի գիտնականների գիտական հետազոտությունների համար, քանի որ ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկն է:

Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն ու ռուսերեն: Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաեւ մագաղաթից թղթին անցումային փուլը:

Նիկոլայ Քոթանջյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Քոթանջյանը միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: