16 դեկտեմբերի 2009 - 16:40 AMT
ՀՀ ղեկավարությունը թաքցնում է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների մեղավորներին
«Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը շարունակվում է, քանի որ մինչեւ հիմա 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էջը փակված չէ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Դեմիրճյանի խոսքով, երկրի ղեկավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի կոծկի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 հոգու իսկական մեղավորներին, ինչպես եւ չի բացահայտվել Հայաստանի խորհրդարանում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:
Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամի լուծման համար հարկավոր է ժողովրդի միասնությունը եւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ապագայում ինչ կնախաձեռնի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերը նշված խնդիրների լուծման համար, ՀԺԿ առաջնորդը նկատեց, որ ՀԱԿ-ը շարունակում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարը եւ ապագայում նաեւ զանգվածային միջոցառումներ են նախատեսվում: