26 մարտի 2010 - 11:40 AMT
Ադամ Շիֆ. Թուրքիան շարունակում է օգտագործել հայերին որպես «կենդանի թիրախ» Ցեղասպանության ժխտման գործում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրդովեցուցիչ սպառնալիքները երկրից հայ ներգաղթյալներին վտարելու մասին` որպես «վրեժ» ԱՄՆ ՆԵրկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար, վկայում են, որ Թուրքիան հայերին շարունակում է օգտագործել որպես «կենդանի թիրախ» Ցեղասպանության ժխտման քարոզչությունն իրագործելիս: Այդ մասին հայտարարել է կոնգրեսկան Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, 95 տարի անց, երբ օսմանյան զինվորները հարյուր հազարավոր հայերին անապատի միջով տանում էին մահվան դուռը, Էրդողանի հայտարարությունն առավել դաժան վերաբերմունքի է դրդում Ցեղասպանությունն ապրած մարդկանց եւ նրանց ընտանիքների նկատմամբ:

Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը: