29 մարտի 2010 - 21:29 AMT
ՀՀ ԱԳՆ. Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունվել են դեռ 2 տարի առաջ
Մարտի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ): Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն հայտնեց ռուսաստանցի համանախագահին`այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:
Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:
Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունվել են դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: