Թուրքիան չպետք է ամաչի իր պատմությունից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:
«Ոչ Շվեդիան, ոչ ԱՄՆ-ն ոչ մի կապ չունեն այն դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել մոտ մեկ դար առաջ»,- ասել է Էրդողանը ժողովրդին ուղղված ամենշաբաթյա հեռուստաուղերձում: Նրա խոսքերով, չկան համապատասխան գիտական հետազոտություններ, որոնք կարող էին լույս սփռել 1915-ի դեպքերի վրա: Էրդողանը քաղաքական գործիչներին մեղադրել է նրանում, որ նրանք օգտագործում են Հայոց ցեղասպանության փաստը` ելնելով իրենց երկրների ներքաղաքական եւ արտաքին քաղաքական շահերից:
«Թուրքիան այն դիրքորոշմանն է հարում, որ պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները եւ հենց նրանք պետք է ընդունեն որոշումներ»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: