Հայ-թուրքական արձանագրություններն արդեն վաղուց մեռել են կամ դրա եզրին են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, Թուրքիան սկսեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը միայն մեկ նպատակով` սկզբում պառակտել Հայաստանն ու Սփյուռքը, իսկ հետո` Սփյուռքը ներսից, ինչի մասին են վկայում թուրքական կողմի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք մտադիր են հանդիպել միայն այն հայկական կազմակերպությունների հետ, որոնք կոշտ դիրքորոշում չունեն: “Թուրքիայի հիմնական նպատակն է` թուլացնել հայությանը”,-ասել է Վ.Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա նշել է, որ միակ ելքը ստեղծված իրավիճակից ստորագրություններն ետ կանչելն է: “Արձանագրությունները հակասում են Հայաստանի շահերին, և մենք պետք է դուրս գանք այդ գործընթացից: Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է դադարեցնենք երկխոսությունը Թուրքիայի հետ. ուղղակի բանակցությունները չպետք է վարել Թուրքիայի թելադրած պայմաններով”,-ասել է Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ իրական չի համարում հայ-թուրքական սահմանի բացումն առանց Արձանագրությունների վավերացման:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին Վաշինգտոն` Հովհաննիսյանն ասել է, որ կայացած հանդիպումները շատ հարցեր անպատասխան թողեցին, սակայն ընդհանուր առմամբ, այցը դրական էր: