21 ապրիլի 2010 - 15:24 AMT
Ապրիլի 24-ից հետո պարզ կդառնա, թե համաշխարհային հանրությունը ճնշում կգործադրի արդյոք Անկարայի վրա

“Հայոց ցեղասպանության պատմական փաստն ակնհայտ է: Սովորաբար այն երկրները, որոնք չեն ցանկանում կամ վախենում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասում են հետևյալը. Թուրքիան կարևոր է մեզ համար, ուստի մենք սխալ ենք համարում այդ քայլին գնալը: Դա պատմական դրդապատճառ է”,- Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված “Պատմական հիշողությունը և ժամանակակից իրողութունները” Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերով, քաղաքական խաղերն օրինաչափ են և դրանցում ցեղասպանության հարցն օգտագործվելու է: Անդրադառնալով հայկական կողմից հնարավոր զիջումներին` Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ սկսած 1991-ից Հայաստանը գնացել է փոխզիջման`հայտարարելով Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: “Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախապայման գոյություն չունի: Խնդիրները Թուրքիայում են”,- ասել է քաղաքագետը: Նա կասկած հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ն ինչ-որ բան տեղի կունենա հայ-թուրքական գործընթացում, բայց դրանից հետո կողմերը որոշակի դադար կվերցնեն, այնուհետև դեպքերն ինչ-որ կերպ կզարգանան: “Կճնշեն արդյոք Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը Թուրքիային Արձանագրությունների վավերացման հարցում, պարզ կդառնա, բայց Հայաստանն ինքնուրույն կերպով Անկարային ճնշել չի կարող: Ապրիլի 24-ից հետո պարզ կլինի, թե Թուրքիայի վրա ճնշում լինելու է, թե ոչ: Եթե այո, ապա ապրիլի 24-ից հետո կարելի է սպասել գործընթացի վերականգնման, հնարավոր է` այլ տեսքով”,- ասել է Ա. Իսկանդարյանը: