“Ես հայ եմ, բայց ինձ խաբված չեմ համարում, որովհետև, իմ կարծիքով, ապրիլի 24-ին Բարաք Օբամայի ուղերձում արտահայտված էր այն ամենը, ինչ նա խոստացել էր նախընտրական շրջանում: Օբամայի ուղերձը քաղաքական փաստաթուղթ է և ունի բարոյական, այլ ոչ իրավական նշանակություն”, - հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նրա կարծիքով, Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածին մեկ մարդու տված գնահատականը, երբեք իրավական հետևանք չի կարող ունենալ, նույնիսկ եթե նա ԱՄՆ նախագահն է, և անկախ այն բանից, թե նա ի՞նչ լեզվով է այդ գնահատականը տալիս: Ուղերձը ոչ օրենքի ուժ ունի, ոչ էլ պարտավորեցնող բնույթի որևէ չափորոշիչ ակտ է:
Նա նաև նշել է, թե անհնար է պատկերացնել, որ աշխարհը առաջնորդող երկրի նախագահը, որի տրամադրության ներքո են փորձագետների և օգնականների մի ամբողջ բանակ, կարող է պարզապես բացթողում անել և “ցեղասպանություն” բառը գրելու ցանկություն չունենալով` գրել դրա համարժեքը` հասու չլինելով բառի նշանակությանը: “Այդպիսի ենթադրություն անել չի կարելի նաև այն պատճառով, որ այն ժամանակների իրադարձությունների ողջ գործընթացը նրա ուղերձում միանշանակ նկարագրված է որպես ցեղասպանություն: Այդ պատճառով “Մեծ եղեռն” տերմինն այդ համատեքստում, որը համարժեք արտահայտությունն է ցեղասպանություն բառի, միանգամայն բնական է: Եվ ամենակարևորը. ակնհայտ էր, որ Բարաք Օբաման, որպեսզի իր դիրքորոշման վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների առիթ չտա, մի քանի անգամ կրկնում էր, որ իր հայացքներն ու գնահատականներն այդ հարցում մնացել են անփոփոխ: Դա միանգամայն հստակորեն ցույց է տալիս, որ նա նախագահ դառնալով, նույն դիրքորոշումն ունի, ինչ որ նախընտրական ժամանակաշրջանում, երբ արտահայտվում էր անգլերեն տերմիններով: Ասվածից հետևում է, որ մենք բոլոր հիմքերն ունենք հաստատելու, որ Մ.Նահանգների նախագահը միևնույն աստիճանին է կանգնած այն երկրների, կառույցների և գործիչների հետ, որոնք ընդունում են 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտում է դրա կազմակերպիչներին”, - գտնում է ՌՀՄ փոխնախագահը: Գեղամ Խալաթյանը հայտարարել է, որ աշնանը ԱՄՆ Կոնգրեսում հարցի քննարկումներն ու նախագահի վարչակազմի դիրքորոշումն այդ ընթացքում ցույց կտան, թե բարոյականությունն ինչ ազդեցություն ունի ԱՄՆ իշխանությունների օրինաստեղծ գործունեության վրա: “Ամեն դեպքում, Մեծ եղեռնի հետևանքները վերացնելու և այդ հարցում արդարության հասնելու հարցում մենք` հայերս ամենից առաջ պետք է մեզ վրա հույս դնենք”, - ընդգծել է նա: