Ես ճիշտ քայլ եմ համարում այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական գործընթացի սառեցման մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը:
Նրա խոսքերի համաձայն, դա Հայաստանի ղեկավարության խելացի քայլն էր: «Թուրքիան, եթե որոշի հետագայում բանակցություններ սկսել, իսկ նա այդ կանի, քանի որ դա է պահանջում ԱՄՆ-ն, ապա գործընթացը կշարունակվի, սակայն առանց նախապայմանների», - ասել է ռուս փորձագետ քաղաքագետը:
Նրա խոսքերի համաձայն, Անկարան պետք է քիչ լսի իր «ադրբեջանցի բարեկամներին», և պետք է շարունակի հայ-թուրքական գործընթացն այնպես, որ այն հավասար պայմաններով ընթանա` առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ Զախարովը համաձայնել է շատ փորձագետների կարծիքին այն մասին, որ Թուրքիան չգիտի, թե ինքն ինչ է ուզում Հայաստանից:
Գործընթացի շարունակմանն անդրադառնալով, ռուս փորձագետն ասել է, որ աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, որ գործընթացը կարող է վերականգնվել 2-3 օր կամ մեկ ամիս հետո: «Այս հարցում գուշակությունները չեն օգնի: Սակայն մի բան պարզ է, որ նույն գործընթացը չի կարող շարունակվել, քանի որ ինչին հասել էին` ամենը ջնջվեց Թուրքիայի ջանքերի շնորհիվ», - ասել է Զախարովը: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է սկսել մաքուր էջից:
Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր: