25 հոկտեմբերի 2001 - 22:59 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ
Թուրքիան եվրամիություն ընդունելու համար Եվարխորհրդարանը մտադիր է պահանջել Անկարայից ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, քվեարկությունը այդ հարցի վերաբերյալ կկայանա այսօր: Երեկ Եվրախորհրդարանում կայացան թուրքիայի մասին զեկուցման լսումները: Փաստաթուղթը պատրաստել էր աջ ուժերը ներկայացնող պատգամավոր Ալան Լամասսուրը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 18-ին պահպանողականներին ներկայացնող ֆրանսիական պատգամավոր Շարլ Պասկուան հայտարարեց զեկուցման մեջ ուղղում մտցնելու կարեւորության մասին: Այդ ուղղումը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ աջակցել ցեղասպանությունների ճանաչմանը ողջ աշխարհում: Մեկ ուրիշ ուղղման մեջ, որի հեղինակը նույնպես Շարլ Պասկուան է, նա կոչ է անում թուրքական իշխանություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` դրանով կարեւոր դեր խաղալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ թուրքիան պետք է հանի Հայաստանի դեմ էմբարգոն: Ինչպես հայտնում են Բաքվի աղբյուրները, վկայակոչելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի, նման ուղղման ընդունումը կխաթարի Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: