11 մայիսի 2010 - 16:29 AMT
Աշոտ Մանուչարյան. Հայաստանը ստիպված էր գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի նախաձեռնությունը չէր, քանի որ, նա որպես նախաձեռնող կողմ հետագայում պետք է առաջ տաներ գործընթացը, ինչը տվյալ դեպքում չարվեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Ըստ Մանուչարյանի, Հայաստանը ստիպված էր սկսել գործընթացը, քանի որ չէր կարող մերժել գերտերություններին: «Եթե մեզ առաջարկվեց այդ գործընթացը, մենք պետք է առավելագույնս օգտվեինք դրանից: Այսինքն, հայ-թուրքական մերձեցման գործընթացին պետք է մասնակցեր ողջ հայ ժողովուրդը, ոչ թե միայն Հայաստանը, քանի որ այն, որ հայերը սփռված են աշխարհով մեկ, Ցեղասպանության արդյունք է և նրանք մինչ օրս ոչ մի հատուցում չեն ստացել»,-ասել է նա: