23 մայիսի 2010 - 16:43 AMT
Արամ Սաֆարյան. Ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում

«Մենք մեծ ակնկալիքներ ունենք Արցախի խորհրդարանական ընտրություններից, քանի որ ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԼՂՀ-ից, Սաֆարյանի խոսքով, ԼՂՀ անկախությունն այն վերջին «զիջումն» է, որին հայկական կողմը պատրաստ է գնալ: «Եթե համաձայնությունը ձևավորվի Արցախի անկախության ճանաչման շուրջ, ապա ԼՂՀ-ն առավել կամրապնդի իր պետական կառույցները, որպեսզի դրանք աշխատանքի հաջող ավանդույթ ձևավորեն: ԼՂՀ միջազգային ճանաչման համար պայքարը շարունակական գործընթաց է, և ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,- հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նա նշել է նաև, որ Արցախի ժողովուրդը պետք է այն տարածքում և այնպիսի կարգավիճակով ապրի, որն իրեն հարմար կլինի: «Եթե Արցախի ժողովուրդն այդ հարցի շուրջ որոշում կայացնի, ապա Հայաստանը կհամաձայնի դրա հետ: Վերջիվերջո, մենք հակամարտության կողմ չենք, մենք միայն աջակցում ենք ԼՂՀ անկախության ամրապնդմանը»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը: