24 հունիսի 2010 - 19:35 AMT
Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարը տեղի կունենա Հայաստանում

2010թ. հունիսի 10-ից 11-ը Իսպանիայում տեղի ունեցավ Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 8-րդ համագումարը, որին մասնակցում էին Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ալժիրի, Բելգիայի, Եգիպտոսի, Անդորայի, Ռումինիայի և այլ երկրների թվով 38 պատվիրակներ: Համագումարին մասնակցում էր նաև հայաստանի պատվիրակությունը` ՀԴԱՖ նախագահ Հայկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Համագումարի պատվիրակների քվեարկության արդյունքում միաձայն որոշվեց Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիային շնորհել Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի անդամի կարգավիճակ:

Համագումարին մասնակցող եվրոպական երկրների դոմինոյի ֆեդերացիաների կողմից որոշվեց նաև ստեղծել Դոմինոյի եվրոպական ասոցացիա, որը զբաղվելու է եվրոպական երկրներում դոմինոյի տարածման և զարգացման հարցերով: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց Իսպանիան ներկայացնող Մանուել Մորենոն:

Համագումարում քննարկվեց նաև Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարի անցկացման վայրի վերաբերյալ հարցը: Պատվիրակները միաձայն որոշեցին Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարը անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, հաղորդում է Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: