Այսօր մեկնարկեց համահայկակական «Արի տուն» ծրագիրը, որին մասնակցում են 13-20 տարեկան մոտ հարյուր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում նրանք կապրեն իրենց հյուրընկալող ընտանիքներում եւ կունենան բավական հագեցած ծրագիր:
Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող այս մեծամասշտաբ ծրագիրն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Նախարար Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ այս տարի էապես մեծացել է մասնակից երիտասարդների քանակն ու աշխարհագրությունը: Բացի այդ, ծրագրի շնորհիվ սերտացել են նաեւ սփյուռքի ներսում առկա կապերը: Ամենամեծ պատվիրակությունները Վրաստանից ու Կանադայից են:
«Ուզում եմ, որ այսօրվանից «հիվանդանաք» Հայաստան կոչվող վիրուսով, եւ այլեւս «չբուժվեք»,- մասնակիցներին կեսկատակ դիմում է Հրանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն հյուրընկալ ընտանիքներին, ովքեր համաձայնել են մեծ սիրով իրենց հարկի տակ ընդունել մասնակից երիտասարդներին: «Համոզված եմ, որ ձեռք եք բերելու մի երկրորդ ընտանիք, որի հետ կապվելու եք ու կարոտելու` բաժանումից հետո»,- նշում է նախարարը:
Խաչատուր Աբովյանի անունը կրող թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանն առաջին անգամն է մասնակցում այս ձեռնարկին: Երկարամյա մանկավարժը հուզված է. «Ես երկու տղա եմ ընդունելու իմ տանը. նրանց իմ զավակներն են համարում, որոնց հետ այսօր արդեն հասցրել ենք զբոսնել Երեւանում»:
Սառա Կարապետը Երեւան է եկել Սիրիայի Դամասկոս քաղաքից: Ճիշտ է` նա առաջին անգամը չէ հայրենիքում, բայց ուրախ է, որ այս անգամ «տուն» գալու նպատակը հենց այս ծրագիրն է: Ի դեպ, երիտասարդներից շատերը ծրագրի հանդիսավոր բացմանը եկել էին իրենց ճամպրուկներով, եւ միայն միջոցառման ավարտից հետո պիտի հյուրընկալվեին իրենց «ժամանակավոր ընտանիքներում»:
Վաղ առավոտից ծրագրի մասնակիցները կսկսեն երկշաբաթյա ծրագիրը: Այս օրերի ընթացքում նրանք կլինեն Երեւանի ու մարզերի գեղատեսիլ վայրերում, կայցելեն թանգարաններ, հուշարձաններ (Զվարթնոց, Խոր Վիրապ, Օշական, Գառնի, Գեղարդ, Սեւան, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր եւ այլն), նաեւ` կզվարճանան: Ծրագրի ընթացքում նախատեսված են նաեւ հայրենագիտության եւ հայկական պարի դասընթացներ, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի դպրոցներում: Ի դեպ, նախարարության գործընկերների ցանկում պատասխանատու դեր է ստանձնել նաեւ Երեւանի քաղաքապետարանը, հատկապես` կրթության վարչությունը: