Ժերար Շալյան. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հիմնական «դատավորն է»

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հիմնական դատավորն է ղարաբաղյան հակամարտության հարցում և չի բացառվում, որ այդ խնդրի վերաբերյալ որոշումը հենց Մոսկվան կայացնի: Այդ մասին «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը: Ըստ նրա, Ռուսաստանը միշտ շահագրգռված կլինի պահպանել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը սահմանափակում է Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները:

Միևնույն ժամանակ Ժերար Շալյանը հայտարարեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չունի գրավիչ առաջարկներ գերտերությունների համար, իսկ դա ավելի է սահմանափակում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հնարավորությունը:

Գնահատելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան` փորձագետը հայտարարել է, որ նա հազիվ թե լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան գործընթացում: «Սակայն, ակնհայտ է, որ Քլինթոնը կժամանի կոշտ հարցերով և որոշակի օրակարգով»,-ասել է Ժերար Շալյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` նա ընդգծեց, որ վերջերս Հայաստանը նախաձեռնող չի այդ ոլորտում, իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ամենախելացի քայլը չէր Երևանի կողմից: «Հայ-թուրքական սահմանը փակ է ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ ղարաբաղյան խնդրի պատճառով: Հարկ է նշել, որ վերջին 15 տարում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան լուրջ սխալ թույլ չեն տվել արտաքին քաղաքականության մեջ»,-հայտարարել է Շալյանը: Ըստ նրա, Ադրբեջանի այժմյան արտաքին քաղաքականությունը թույլ կտա նրան առաջատար դիրքեր գրավել Մերձավոր Արևելքում և Կովկասում, որի արդյունքում Հայաստանն ավելի խիստ մեկուսացման մեջ կհայտնվի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---