26 հուլիսի 2010 - 16:05 AMT
Հայ խաղաղապահները մատուռ են կառուցել Աֆղանստանում

Հուլիսի 24-ին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստան:

Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:

Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: