17 նոյեմբերի 2010 - 18:02 AMT
Հացահատիկի համաշխարհային պաշարները 2011-ի վերջին կնվազեն 7 տոկոսով

Հացահատիկի համաշխարհային արտադրությունը կկրճատվի 2 տոկոսով, այն ժամանակ, երբ դեռ հունիսին կանխատեսվում էր արտադրության 1.2 տոկոս աճ: Մատակարարումների չնախատեսված ընդհատումները, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են բացասական փոփոխությունների, ասվում է Միացյալ ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) «Պարենային կանխատեսման» մեջ:

FAO-ն կոչ է անում երկրներին ակտիվացնել արտադրությունը` պաշարները լրացնելու համար: Սպասվում է, որ հացահատիկի համաշխարհային պաշարները 2011-ի վերջին նվազեն 7 տոկոսով, ընդ որում գարու պաշարները կնվազեն 35 տոկոսով, եգիպտացորենի պաշարները` 12 տոկոսով և ցորենի` 10 տոկոսով: Եվ միայն բրնձի պաշարները կավելանան 6 տոկոսով, ասվում է զեկույցում:

«Հաշվի առնելով համաշխարհային պաշարների կրճատումը`բերքահավաքը հաջորդ տարի ճգնաժամային կլինի համաշխարհային շուկաներում կայունություն հաստատելու համար»,- նշվում է կանխատեսման մեջ: