10 դեկտեմբերի 2010 - 17:53 AMT
Հայաստանում հաստատվեց կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիրը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր: Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: