7 հունվարի 2011 - 14:39 AMT
Հայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները կներկայացվեն Լոնդոնում

Լոնդոնում փետրվարի 5-ին տեղի կունենա համերգ երկու դաշնամուրի համար, որտեղ կհնչեն ամերիկահայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները:

Դաշնամուրի եվրոպացի դասավանդողների ասոցիացիայի Բելգիայի ղեկավար Դիանա Անդերսենի և Պորտուգալիայի ղեկավար Նենսի Լի Հարփերի համատեղ համերգը տեղի կունենա սկզբում Պորտուգալիայում, իսկ հետո՝ Լոնդոնում: Երաժիշտները մտադիր են ձայնագրել Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի աուդիոսկավառակը, հայտնում է Armenian Weekly-ին:

Դիանա Ղուկասյան-Ռաբեյը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է, ծնվել է Բոստոնում 1938 թվականին: Նրա աշխատանքները հնչել են աշխարհի 22 երկրներում, այդ թվում Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում: