Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերեզուցկին, որն ազգային հավաքականի կազմում խաղացել է Հայաստանի հավաքականի դեմ (0:0) և ընկերական հանդիպմանը` Քաթարի հետ (1:1), խոստովանել է, որ Հայաստանի հետ վատ չեն խաղացել, բայց չեն կարողացել գոլ խփել:
«Քաթարի հետ կրկին դաշտ դուրս գալը երեք օր անց, այն էլ թռիչքից և կլիմայի կտրուկ փոփոխությունից հետո, բավական բարդ էր: Բայց բանը դրանում չէ, հաճելի հիշողություններ մնում են անհրաժեշտ արդյունքի հասնելու դեպքում, իսկ երկու ոչ ոքիները մեզ համար արդյունք չես համարի»,- Բերեզուցկու խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:
Ֆուտբոլիստը կարծում է, որ Երևանում նրանք պետք է հաղթեին. «Բայց որտեղի՞ց այսպիսի խուճապ այդ ոչ ոքիից հետո: Մենք խմբում կիսում ենք առաջին տեղը, առջևում երեք խաղ կա սեփական հարկի տակ. ամեն ինչ մեր ձեռքերում է: Եկեք ճտերն աշնանը հաշվենք, ինչպես ընդունված է ողջ աշխարհում»:
Բերեզուցկին խոստովանել է, որ Երևանում ծանոթացել է Յուրա Մովսիսյանի հետ և որ նա վատ ֆուտբոլիստ չէ. «Նա Հենրիխ Մխիթարյանի հետ աչքի էր ընկնում հայկական թիմում: Բայց մենք Երևանում նրան չթողեցինք ինչ-որ բան անել»: