Օշականում կայացավ 1827 թվականի Օշականի ճակատամարտում զոհված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ռուս ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Արարողությունը տեղի ունեցավ Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասնակցությամբ: Բացմանը ներկա էին նաև Ռուսաստանի և Հայաստանի նախարարներ ու մարզպետներ, որոնք մասնակցում են Երևանում ընթացող Ռուս-հայկական առաջին միջտարածաշրջանային ֆորումին:
Սերգեյ Նարիշկինը Ռուսաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ընդհանուր պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքի համար:
Օշականի հուշարձանը բարեկարգվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ: Աշխատանքները վարում էր «Պատվի խնդիր» Ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը` հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ: