Իսրայելի և Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն առաջնահերթ չեն Արդարության և զարգացման կուսակցության (AKP) համար: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաքում` ներկայացնելով AKP-ի նախընտրական մանիֆեստը: Նա Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բավականաչափ ջանքեր չգործադրելու, իսկ Իսրայելին` Mavi Marmara-ի հետ կապված միջադեպի համար:
«Իսրայելը հարձակվեց խաղաղ նավի վրա և մեղավոր է Թուրքիայի ինը քաղաքացիների մահվան համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է. մինչև Հայաստանը չհամաձայնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և դադարի խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, երկու երկրների միջև հարաբերությունները սառեցված կմնան»,- ասել է Էրդողանը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:
Մանիֆեստում ընդգծվում է նաև, որ կովկասյան տարածաշրջանը կենսապես կարևոր է Թուրքիայի համար, ուստիև AKP-ն խիստ շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում: