4 մայիսի 2011 - 13:52 AMT
Ռադիկ Մարտիրոսյան. Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության հանդեպ սկսվել են դեռ ԽՍՀՄ տարիներին

«Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության ու մշակույթի հանդեպ սկսվել են դեռ խորհրդային տարիներին»,-«Պատմություն և մշակույթ, ստի ու ոտնձգությունների դեմ» գիտաժողովում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Հայաստանը միշտ մոտեցել է այդ հարցերին գիտական տեսակետից և արժանի հակահարված չի տվել՝ հուսալով, որ բարեխիղճ գիտնականները կտարածեն ճշմարտությունը: «Մենք միշտ շատ «համեստ» ենք եղել այդ պայքարում»,-ասել է նա:

Ընդ որում, նա կարևորել է այնպիսի գրքերի հրատարակումը, ինչպիսին է «Պատմություն և մշակույթ. Զեղծարարության ու ոտնձգությունների դեմ»: Ըստ նրա, այդ գրքերը պետք է հրատարակվեն ոչ միայն հայերեն, այլ նաև օտար լեզուներով:

Միջոցառման ընթացքում Սեյրան Օհանյանը Գարեգին Նժդեհի մեդալով է պարգևատրել Ռադիկ Մարտիրոսյանին նրա 75-ամյակի կապակցությամբ: