Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է Մեծ Հայրենական պատերազմի շուրջ 3 000 վետերան: Ամենաերիտասարդ վետերանը 86 տարեկան է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի վետերանների միության ղեկավար, գնդապետ Սիմոն Եսայանը: Ինչպես նշել է միության ղեկավարը, ամեն տարի վետերանների թիվը պակասում է: «Եթե Հաղթանակի 65-ամյակը մենք տոնում էինք 3500 վետերանների հետ, ապա այսօր նրանք 3000-ն են: Ամեն ամիս կյանքից հեռանում է 50-70 վետերան»,-ասել է Եսայանը:
Նա նշել է նաև, որ այս տարի մայիսի 8-ին վետերանները կայցելեն Եռաբլուր՝ ի պատիվ Շուշիի ազատագրման 19-ամյակի: Մայիսի 9-ի առավոտյան նրանք ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Հաղթանակի զբոսայգում դաշտային ճաշարան կգործի վետերանների համար:
Ինչպես գրում է Եսայանը, մայիսի 10-ին Երևանի քաղաքապետարանը դրամական պարգևներ կհանձնի ՄՀՊ 50 վետերանների: