«Իսկապես եղել է մի ժամանակահատված, երբ աֆղանական մոջահեդներից կազմված ստորաբաժանումները գտնվել են ԼՂՀ տարածքում: Համապատասխան պայմանավորվածություններից հետո այդ ստորաբաժանումները դուրս են բերվել Արցախից»,- Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի հարցին:
Նախարարը նաև հավելել է, որ Արցախում գործող աֆղանցի մոջահեդները մեծ կորուստներ են կրել ղարաբաղյան կողմի գործողությունների արդյունքում:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեի ներկայացուցիչն իմամ-ջումա այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին Արդեբիլում հայտարարել է, որ Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցույց տվել առաջին գիծ տեղափոխելով հազարավոր մարտիկների Աֆղանստանից: «Մենք զենք էինք մատակարարում ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Ռազմական նախապատրաստման մեր բազաները ոչ թե Հայաստանում էին, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են իմ խոսքերի հազարավոր վկաներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք ողջ են, և գոնե մի կաթիլ խիղճ ունենալով, կարող են հաստատել իմ խոսքերը»,-հայտարարել է այաթոլլա Ամելին, հայտնում է SalamNews-ը, հղում անելով arannews գործակալությանը: