«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրների Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակությունն ակտիվորեն կհամագործակցի և խորհրդատվություններ կվարի Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Այդ մասին ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ինչպես նշել է Հովհաննիսյանը, Եվրանեսթում հայկական պատվիրակության առջև մարտահրավերներ են ծառացած ոչ միայն տարածաշրջանային խնդիրների տեսակետից, այլև ժողովրդավարության, մարդու և քաղաքացիական հասարակության իրավունքների ոլորտում: Հենց այդ պատճառով համագործակցությունը քաղաքացիական սեկտորի հետ արդյունավետ կլինի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում:
«Եվրաինտեգրման մասին հայտարարությունների ժամանակը սպառվել է: Պետք է կոնկրետ գործողությունների անցնել, որպեսզի հասարակությունը գործնականում զգա առաջընթացը»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
Եվրանեսթը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի խորհրդարանական վեհաժողովն է: