Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հույս ունի, որ Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը շուտով հավանության կարժանանա: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել Ստեփանակերտում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակն այն տարբերակն է, որը քննարկվում էր 2011 թվականի մարտին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Դրանից հետո, Ֆասիեի խոսքով, փաստաթղթում փոքր շտկումներ են կատարվում:
Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին նշել է, որ սկզբունքների շուրջ աշխատանքը շարունակվում է, քանի որ մի շարք հարցեր դեռևս մշակման կարիք ունեն, ինչով էլ հունիսի 11-ին Մոսկվայում կզբաղվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Իգոր Պոպովն ավելացրել է, որ եթե կարգավորման սկզբունքների վերջնական տարբերակը համաձայնեցվի, ապա դրանց շուրջ աշխատանքը, հնարավոր է, ավարտվի հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: