Մեքսիկայի և Հայաստանի միջև կկնքվի համաձայնագիր, որը կնդգրկի մի շարք փոխանակման ծրագրեր մշակույթի, գիտության և սպորտի ոլորտներում: Ինչպես նշեց ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը Մոսկվա), «հայերը շատ տաղանդավոր ժողովուրդ են և մենք բոլորս կարող ենք շատ բան սովորել հայերից»: Ստորագրվելիք պայմանագրի համաձայն նախատեսվում են փոխանակումներ գրադարանային և թանգարանային ոլորտներում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը ասաց, որ համաձայնագրի ստորագրումը դեռ բանակցային փուլում է և դեռ հստակ որոշված չեն ստորագրման ժամկետները:
Բրավոն իր հերթին նշեց, որ շատ կցանկանար, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն իսպաներեն, իսկ մեքսիկացի հեղինակների ստեղծագործությունները` հայերեն:
Հունիսի 9-11-ը Երևանում անց են կացվում Մեքսիկայի մշակույթի օրեր, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանության կողմից: