ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում նախօրեին տեղի ունեցան լսումներ Ջոն Հեֆերնի թեկնածության շուրջ, որը հավակնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Ելույթ ունենալով կոմիտեի անդամների առջև՝ Հեֆերնը պատրաստակամություն հայտնեց ձեռնամուխ լինել դեսպանի պարտականություններին Երևանում, ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ու զարգացման իր տեսլականը՝ մտադրություն հայտնելով ամրապնդել երկու երկրների տնտեսական համագործակցությունը:
Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքին ամենից շատ հետաքրքրող հարցերին, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:
Հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպես նախորդ տարի, օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով ցեղասպանություն բառից: Օբաման իր ուղերձում 1,5 մլն հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում անվանեց «20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915թ. իրադարձությունների մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառից: Իր ուղերձում նա նաև նշել է, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են իրենց կյանքը զոհաբերածների հիշողությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ ևս կան մութ էջեր: Լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չկատարեց խոստումը:
Ակնկալվում է, որ սենատորները լրացուցիչ հարցեր կուղղեն Հեֆերնին առաջիկա օրերին:
Եթե Սենատը հավանություն տա Հեֆերնի թեկնածությանը, նա կփոխարինի Մարի Յովանովիչին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որն իր առաքելությունն ավարտեց հունիսին: Հեֆերնը այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: