15 հուլիսի 2011 - 21:44 AMT
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ նորընտիր քարտուղարին անձամբ հրավիրել է Հայաստան

Հուլիսի 15-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Շնորհավորելով Լամբերտո Զանիերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա համաեվրոպական կազմակերպության նպատակների իրագործման գործում:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերակատարումն ու ջանքերը հակամարտության լուծման գործընթացում:

Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: