Հայաստանի 2011թ. գավաթակիր «Միկան» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբի հետ հուլիսի 17-ին պայմանագիր է կնքել սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն, նա կաշխատի Երևանի ակումբի հետ մինչև խաղաշրջանի ավարտը: Նրան կօգնի Ժոլտ Գոռնյակը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միկայի» մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:
Մարզչական շտաբում աշխատանքը կշարունակեն Հակոբ Մկրյանը, Արամ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: Բուբենկոն այդ պաշտոնում փոխարինեց Էդուարդ Մարկարովին, որն այդ պարտականությունները կատարում էր ժամանակավոր: Մարկարովին նշանակել էին Արմեն Շահգելդյանի փոխարեն:
Սլովակ մարզիչն աշխատել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, որի հետ երկու անգամ ոսկի է նվաճել, և հունական թիմերի հետ, ինչպես նաև գլխավորել է Սոլվակիայի երիտասարդական հավաքականը:
Բուբենկոյի ղեկավարությամբ «Միկան» առաջին խաղը կանցկացնի հուլիսի 21-ին Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի «Վոլերենգայի» հետ պատասխան խաղում: Առաջին խաղում «Միկան» զիջեց հակառակորդին նվազագույն հաշվով: Երևանում վնասվածքի պատճառով չի խաղա իսպանացի Արայ Բենիտեսը, հարցականի տակ է նաև չինացի ֆուտբոլիստ Դոն Ֆանգժուի մասնակցությունը, մյուս խաղացողները լավ մարզավիճակում են և պատրաստվում են խաղին:
Ակումբի հետ մինչ խաղաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել նաև «Բանանցի» նախկին հարձակվող Սամվել Մելքոնյանը: