Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած բռնարարքներն ու դրանց հեղինակներին: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ցավակցական հայտարարության մեջ:
«Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Նորվեգիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը:
Վստահ ենք, որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով պետք է անհաշտ պայքար մղի մեր կյանքից նման չարիքներն արմատախիլ անելու համար»,- նշել է ԱԳ նախարարը իր խոսքում:
Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին:
Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել:
Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում:
Ուտոյան գտնվում է Օսլսյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին:
Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա:
Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին: