12 օգոստոսի 2011 - 17:54 AMT
Միքայել Խաչատրյանը դուրս է եկել թենիսի Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարի եզրափակիչ

Օգոստոսի 12-ին երևանյան Orange Tennis ակումբում, որտեղ ընթանում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը, կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայ թենիսիստներից չորսը հասել էին կիսաեզրափակիչ, սակայն միայն Միքայել Խաչատրյանին հաջողվեց առավելության հասնել հակառակորդի նկատմամբ և դուրս գալ եզրափակիչ: Խաչատրյանը հանդես է գալիս մինչև 14 տարեկան պատանիների խմբում: Հայ թենիսիստի մրցակիցը կլինի Ռուսլան Խունկարիկովը (Ռուսաստան): Եզրափակիչ հանդիպումները կկայանան օգոստոսի 13-ին, երևանյան ժամանակով 12:00-ին կկայանա պարգևատրման արարողությունը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից, այդ թվում` Բելգիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Կիպրոսից: