Հայաստանի սփյուռքի նախարարությունը սկսել է ակտիվորեն ներգրավել հայ երիտասարդությանը վիրտուալ պորտալներում հակահայկական քարոզչության դեմ պայքարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Մխիթարյանի խոսքով, այս տարվա օգոստոսին հայկական լոբբինգի ամրապնդման նպատակով մի խումբ երիտասարդ ակտիվիստներ աշխարհի 11 երկրներից պորտալներ են ստեղծել սոցիալական ցանցերում: «Ակտիվ երիտասարդության հիմնական մասը կազմել են Հայաստանում օգոստոսի 1-ից 14-ը կազմակերպված Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցները»,- նշել է նա` հույս հայտնելով, որ ապատեղեկատվության և հակահայկական քարոզչության դեմ պայքարով շահագրգռվածների թիվը գնալով աճում է: Մխիթարյանը հավելել է, որ թեև սփյուռքի նախարարությունն այդ ուղղությամբ գործողությունների վերջնական ծրագիր չունի, արդեն 2012թ. սկզբին ակտիվիստների մի քանի հանդիպումներ են ծրագրված տեղեկատվական պատերազմների դաշտում Հայաստանի առաջխաղացման հարցերը քննարկելու համար: