2 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT
Էդվարդ Նալբանդյանը գործընկերների հետ քննարկել է ԱՊՀ հեռանկարային խնդիրները

Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Դուշանբեում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունենում կազմակերպության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ և կազմակերպության շրջանակներում գործող ոլորտային համագործակցության կառույցների գործունեությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` իրավապահ և անվտանգության բնագավառներում համագործակցության, մշակութային, միգրացիոն ոլորտում փոխգործակցության հարցերին:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները և հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի վերաբերյալ, որտեղ գնաhատված է կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար և մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության քսանամյա փորձը և ձևակերպված են ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարներն անդրադարձան նաև մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում լրացումներ կատարելու առաջարկություններին:

Նիստին ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին և հաստատեցին Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերը, հավանություն տվեցին այն փաստաթղթերին, որոնք ներկայայացվելու են սեպտեմբերի 3-ին կայանալիք ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: