3 սեպտեմբերի 2011 - 14:45 AMT
Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Խաչվերացին նախորդող Բարեկենդանը

Վաղը Առաքելական եկեղեցին կտոնի Խաչվերաց տոնին նախորդող Բարեկենդանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տեր Թովմա քահանա Անդրեասյանը բացատրեց տոնի նշանակությունն ու խորհուրդը։ «Բարեկենդանը նշվում է Խաչվերաց տաղավար տոնի նախորդ կիրակին։ Այն շատ նման է Զատկի պահքին նախորդող բուն Բարեկենդանին։ Այդ օրը մարդիկ որպես կանոն ուրախանում են, տոնում, շատ են ուտոմ, որ մեկ շաբաթ դիմանան սննդի պակասին»,- ներկայացրեց քահանան՝ հավելելով, որ երկուշաբթի սկսվելու է Խաչվերացի պահքը։

Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը նշեց, որ Խաչվերաց տոնը և նախորդող Բարեկենդանը ընդունված են եղել և նշվել են բոլոր պատմական գավառներում, թեև նշվել է որոշակի տարբերություններով և տարբեր օրեր։

«Ժողովուրդը այս տոնը ընդունել է նաև որպես աշնանամուտ և աշնան սկիզբ։ Թոնիրներում սովորաբար ուլ են կախել և տակն էլ ձավարի խաշիլ են եփել։ Տոնը նաև կոչվել է Ուլոց, Ուլնոց՝ հիմնական զոհաբերվող կենդանու անունով»,- պատմեց ազգագրագետը։ Քահանան ևս մեկ անգամ շեշտեց տաղավար տոների ժամանակ եկեղեցի այցելելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նման օրերին աղոթքներն ավելի շուտ են տեղ հասնում. «Խաչվերաց տոնը դարեր ի վեր համարել են մեղքերի քավության օր, քանի որ այս տոնով վերջանում է հոգևոր տարին։ Հաջորդ եկեղեցական տոնը Քրիստոսի ծննդյան Զատիկն է»։