Բաքվի վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը պարզամիտ է իր ագրեսիվությամբ: Մեկ Բաքվում քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելու կոչեր են հնչում, մեկ ԼՂՀ դեմ ջիհադ հայտարարելու, մեկ օկուպացնում և բռնակցում են երկու սահմանամերձ ռուսական գյուղերը, մեկ գաղտնի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ են լարում և հակառակը: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:
«Նրանք նեղացել են, որ ոչ ոք իրենցից թույլտվություն չի հարցնում, թե ինչպես պետք է ապրել, ուր գնալ, ինչ գրել: Այժմ Բաքվում տարվել են լրագրողների սև ցուցակներ կազմելով»,- նշել է Զարգարյանը:
Ընդ որում, ԼՂՀ ԱԳՆ խորհրդականը նկատել է, որ գնալով ավելի շատ արտասահմանցիներ են այցելում ԼՂՀ և մոլորակով մեկ տարածում երկրի մասին ճշմարտությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջամիտ մարդկանց կողմից ընկալվում է որպես քաղաքակիրթ միջազգային հանրության օրգանական մաս»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ընդգրկել «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողներին, որոնք այցելել են Արցախ`հետաքննություն սկսելով նրանց այցի առիթով: «Ադրբեջանը հետաքննում է «Նեզավիսիմայա գազետա»-ի աշխատողների` առանց Բաքվի թույլտվության, Արցախ այցելելու փաստը»,- այս առիթով հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը:
«ՆԳ» թերթի տվյալներով, ԱԳՆ-ն հանձնարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը «ուսումնասիրել լրագրողների այցելության փաստը»:
Նախօրեին «ՆԳ» լրագրող Յուրի Ռոքսը հրապարակել է հոդված «Խաղաղ Ղարաբաղ» անունով: Հոդվածը նվիրված էր Արցախի անկախության 20-ամյակին, որտեղ հեղինակը ներկայացրել է ԼՂՀ քաղաքացիների կենցաղը և կենսակերպը և պատմել տոնական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երկրի Անկախության տոնի առթիվ:
Ադրբեջանի ոչ ադեկվատ վարքի նման օրինակները բազմաթիվ են, և Արցախի Հանրապետության մասին այս կամ այն նյութերի կամ տեսանյութերի «հետաքննությունը» Ադրբեջանի ԱԳՆ համար սևեռուն միտք է դարձել: