ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մասնակցել է տեսչության նոր շենքի բացմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամլո ծառայությունից։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորանքի խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ ստեղծվել են արժանապատիվ աշխատանքային պայմաններ և նշել է. «Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արևի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու և կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար»։
Արմեն Աշոտյանն իր խոսքում անդրադարձել է կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին։
«ԿԳՆ-ն առաջարկում է տեսչության լիազորություններն ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան»,-ասել է նախարարը։