Շվեյցարիայում արդեն երկու ամիս է նշում են Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը

Շվեյցարիայում արդեն երկու ամիս է նշում են Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Շվեյցարիայում սկսվեցին հուլիսի վերջին տասնօրյակից:

Հուլիսի 28-ին Լոկառնո քաղաքում տեղի ունեցավ հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես:

Օգոստոսի 18-21-ը Աարաու քաղաքում անցկացված «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միության սրահում տեղի ունեցավ «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի մասնակցությամբ, ցուցադրվեց նաև «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը և կազմակերպվեց գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը:

Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի համար կազմակերպվեց Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում անցկացվեց հայկական մշակութային փառատոն` Ցյուրիխի հայկական միության, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, «Արմենոիդս» մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների և Մերի Ուոթչերի ֆոտոնկարների ցուցահանդեսները:

Սեպտեմբերի 17-ին Աարաու քաղաքում տեղի ունեցավ տոնական ընթրիք` երաժիշտներ Թամարա և Շանթ Եսկենյանների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված հիմնական միջոցառումը: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում` Համադաշնության Դաշնային պալատում, կազմակերպվեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի և պետական խորհրդի պատգամավորների, Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի պաշտոնյաների, հայկական համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական գործիչների մասնակցությամբ:

Միջոցառումը բացվեց հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լյոենբերգերի խոսքով, որն ընդգծեց հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակը և խորհրդարանական խմբերի դերը այդ հարաբերությունների հետագա խորացման գործում` առանձնահատուկ կերպով անդրադառնալով Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` որպես հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Շվեյցարիայի ժողովրդի համերաշխության դրսևորում:

Միջոցառմանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի ուղերձը, որում նշվում էին անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, անկախության հասնելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները և ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հայկական պետականությունը առավել ամրապնդելու և զարգացնելու հաստատակամությունը: Առանձնահատուկ կարևորվեց հայ-շվեյցարական հարաբերությունները նույն ակտիվությամբ շարունակելու և զարգացնելու, ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, Հայաստան-Սփյուռք կապերի էլ ավելի խորացումը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---