Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շարունակում են չլուծված մնալ, քանի որ Հայաստանի նախագահի տարեսկզբի կոչը գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու մասին անպատասխան է մնացել: «Դեռ տարեսկզբին Սերժ Սարգսյանը կոչ է արել բարեփոխումներ անցկացնել գյուղատնտեսության ոլորտում, բայց ոչինչ չի արվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքով, այդպես էլ կյանքի չի կոչվել գաղափարախոսությունը` արտադրողին որպես գործընկեր ընկալելը, իսկ պետբյուջեով նախատեսված դրամական միջոցները գյուղացիներին աջակցելու համար մնացել են պաշտոնյաների գրպանում:
Այնուամենայնիվ, Հրաչյա Բերբերյանը դրական է գնահատել սերմնաբուծության զարգացման կառավարական ծրագիրը, նշելով, որ երկիր ներկրված ռուսական ցորենի էլիտար սերմերից հետագա վերարտադրության համար պետք է ընտրել առավել բերքատու սերմերը Հայաստանի բնակլիմայական պայմանների առումով: Մասնագետի խոսքով, այդ սերմերը պետք է ենթարկվեն փորձաքննության, ինչը թույլ կտա բարձր մակարդակով կազմակերպել դրանց վերարտադրության գործընթացը: