«Առաջին անգամ պաշտպանության գծում մենք այս կազմով խաղացինք, և վատ չստացվեց: Դեռ խաղից առաջ մեր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ մենք բոլորս պետք է հավաքված խաղանք, մոտ գործենք ու հուշենք միմյանց: Պաշտպանության կենտրոնում եղան որոշ թերություններ, սակայն, ընդհանուր առմամբ, Յուսպաշյանի ու Ալեքսանյանի մոտ ամեն ինչ ստացվեց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ձախ կիսապաշտպան Լևոն Հայրապետյանը:
Հոկտեմբերի 7-ին Երևանում Հայաստանը 4:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ Եվրո-2012 B խմբում և 17 միավորով 3-րդ տեղում է:
Հայրապետյանն ասաց, որ խաղի սկզբում նրանց չէր հաջողվում գտնել իրենց ոճը, ուստի առաջին րոպեներին մակեդոնացիներն ավելի շատ էին տիրապետում գնդակին: «Սակայն մենք կարողացանք հանդարտեցնել խաղն ու պահել գնդակը: Առաջին գոլը վստահություն ներշնչեց, թիմային խաղի շնորհիվ մենք կարողացանք հաղթել»:
Առջևում Իռլանդիայի հետ խաղն է: Խմբից դուրս գալու համար, հայկական թիմին միայն հաղթանակ է պետք: Ֆուտբոլիստը նշել է, որ մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ:
«Կուզենայի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք մեզ աջակցում են ինչպես մարզադաշտում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս»,-ասել է Հայրապետյանը: